Աջակցե՛ք հայ երեխաների հաջողությանը, աջակցե՛ք Հայաստանի ապագային
Դպրոց
Աշակերտ
Ուսուցիչ
կրթական ծրագրի թիմը մշակել է և ներկայումս էլ մշակում է տարբեր էլեկտրոնային գործիքներ, որոնց շնորհիվ հայ աշակերտների համար կրթությունը դառնում է առավել մատչելի և հետաքրքիր։ Այցելե՛ք www.dasaran.am
Մեր նախաձեռնություններում մեզ առաջնորդում է այն համոզմունքը, որ երկրի ապագայի և բարօրության երաշխիքը կրթված ու զարգացած սերունդն է: Այդ հավատամքով Dasaran կրթական ծրագիրը ներդրել է ոչ միայն վերահսկման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ, միասնական ցանցային հարթակ, այլև հանդես է եկել աշակերտների շրջանում մեծապես հաջողված ինտելեկտուալ և ստեղծագործական միտքը խթանող բազմաթիվ նախաձեռնություններով` համոզված լինելով, որ կրթության նոր և ժամանակակից մեթոդների շնորհիվ մենք հարստացնում ենք ուսումնական գործընթացը` դարձնելով այն հաճելի և արդյունավետ:
Dasaran-ը հավասար հնարավորությունների միջավայր է, որտեղ մենք կարևորում ենք անհատականությունը, գնահատում ենք տաղանդը, ստեղծարարությունը և աշխատասիրությունը: Ներկայումս Dasaran կրթական ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի 1.501 հանրակրթական դպրոցում՝ մեկ ընդհանուր հարթակում ներառելով 987.870 գրանցված բաժանորդի (474,264 աշակերտ և շրջանավարտ, 474,264 ծնող, 37.841 ուսուցիչ և 1.501 տնօրեն): Կրթական ծրագիրը հաջողությամբ համագործակցում է կրթության ոլորտի պատասխանատու պետական կառույցների՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և այլ պետական և միջազգային մարմինների հետ։
Ուսուցման գործընթացի կառավարման էլեկտրոնային գործիքներ
Կայքում առկա էլեկտրոնային օրագիրը և էլեկտրոնային մատյանը աշակերտների, ծնողների, ուսուցիչների և դպրոցի անձնակազմի համար մշակված գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս ստուգելու դպրոցականների առաջադիմությունը և տեղեկատվություն ստանալու տնային հանձնարարությունների, բացակաների, կարգապահության, կիսամյակային գնահատականների և դասավանդվող առարկաների մասին։
Աշակերտների, ծնողների, ուսուցիչների և տնօրենների համար նախատեսված վիճակագրական գործիքի միջոցով հնարավոր է հետևել աշակերտների առաջադիմության վարկանիշային տվյալներին դասարանի, դպրոցի կամ մարզի կտրվածքով, տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր առարկայի միջին գնահատականի, աշակերտների առաջադիմության և բացակաների քանակի մասին: Մեկ այլ գործիքի միջոցով ուսուցիչը կարող է պարզել, թե աշակերտներից յուրաքանչյուրը որքանով է յուրացրել դասաժամի ընթացքում մատուցված նյութերը: Կայքի էլեկտրոնային հարթակում ուսուցիչները կարող են նաև ձևավորել խմբեր, որտեղ կկարողանան քննարկել կրթության ոլորտի բազմաբնույթ խնդիրներ՝ մատնանշելով նաև լուծման ուղիները:
E-stat էլեկտրոնային վերլուծական գործիք Կրթական ծրագրի կողմից մշակված E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքի միջոցով կատարվում է կրթական ցուցանիշների արդյունավետ մշտադիտարկում և վերլուծության է ենթարկվում դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաև ժողովրդագրական տվյալների դինամիկան: Գործիքը հնարավորություն է ընձեռում ստանալու իրական ժամանակում թարմացվող այնպիսի տվյալներ, ինչպես օրինակ՝ մարզերում աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխվածությունն ըստ տարիքի կամ սեռի, աշակերտների միջին գնահատականը, գերազանցության և բացակայության ցուցանիշները, աշակերտական միջդպրոցական և արտաքին (այլ երկրներ) տեղաշարժերը, ուսուցիչների ծանրաբեռնվածության ցուցանիշները, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը և այլն: Ըստ որում՝ էլեկտրոնային վերլուծական գործիքը եզակի հնարավորություն է տալիս նաև ստանալ վերը թվարկված (և ոչ միայն) վիճակագրական բոլոր տվյալների զարգացման համեմատական պատկերն ըստ տարիների:
Կրթական խաղեր Այս բաժինը ներառում է ավելի քան 50 կրթական-ուսուցողական խաղեր, որոնք նպատակաուղղված են գիտելիքների ընդլայնմանը և թույլ են տալիս համատեղել ինտերակտիվ ու այլընտրանքային կրթությունը:
«Գնացք 12» աշխատանքային սեմինար Dasaran կրթական ծրագիրը միջազգային գործընկերների աջակցությամբ ուսումնասիրել է Սինգապուրի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների՝ լավագույնը համարվող կրթական փորձը և մշակել նոր եռօրյա աշխատանքային սեմինարի ծրագիր հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժների համար: Ուսուցման 12 տարիները խորհրդանշող «Գնացք 12» աշխատանքային սեմինարի նպատակը մանկավարժներին իրենց մասնագիտական ներուժի և հմտությունների՝ արդիական կրթաձևերին համապատասխան կիրառման մեխանիզմներ փոխանցելն է: Ըստ որում՝ արդիական կրթաձևերի աշխատանքային սեմինարին մասնակցած ուսուցիչներին տրվում են մասնակցության հավաստագրեր:
Դիմորդի անկյուն Այս բաժինն ամբողջական տեղեկատվություն է տալիս Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին՝ ներառյալ այդ հաստատությունների կառուցվածքի նկարագրությունը, կրթական հաստատությունների վերաբերյալ գործող օրենքները, որոշումներն ու հրամանագրերը, ինչպես նաև վերոնշյալ հաստատություններում առկա մասնագիտությունները, ընդունելության կարգը, քննական թեստերի օրինակները, անցողիկ միավորների ցանկը, ուսման վարձը և այլն։
Հանրագիտարան Այս բաժնում օգտատերերը կարող են որոնել ու գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը աշխարահագրության, պատմության, արվեստի և մշակույթի, գյուղատնտեսության, կրոնի, սպորտի, Հայաստանի, հայկական բանակի, ռեկորդների և հայտնագործությունների, նշանակալի օրերի, ինչպես նաև մեծանուն մարդկանց մասին:
Առողջապահություն Այս ինտերակտիվ բաժնում օգտատերերը կարող են տեղեկատվություն ստանալ առողջ ապրելակերպի, առաջին բուժօգնության, դեղորայքի, կոսմետոլոգիայի, ոչ ավանդական բժշկության, բժշկական իրավունքի, պատմական ժամանակագրության, երեխաների առողջության, հիվանդությունների և դրանց ախտանիշների մասին: Օգտատերերը կարող են նաև տեղեկանալ հրատապ թեմաներին ու իրադարձություններին, դեպքերին և փաստերին, ընթերցել առողջապահական լուրեր, ալգորիթմեր, ստանալ խրատներ ու խորհուրդներ:
Հոգեբանի անկյուն
Փորձառու հոգեբաններն առցանց խորհրդատվություն կտրամադրեն դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին հոգեբանական ամեն մի խնդրի վերաբերյալ: Համակարգն ամբողջովին ապահովում է օգտատերերի գաղտնիությունը:
Հոգեբանական թեստեր բաժնում տեղադրված հոգեբանական թեստերը նպաստում են դպրոցականների ինքնաճանաչման գործընթացին և օգնում ճիշտ միջանձնային հարաբերությունների կառուցմանը:
Ինչ կա-չկա Կայքի օգտատերերը կարող են տեղեկություններ ստանալ կրթության, սպորտի և այլ ոլորտների ուշագրավ իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև կարդալ հոդվածներ պատմական իրադարձությունների, հայտնի մարդկանց, ռեկորդների և հայտնագործությունների մասին:
Գրական անկյուն Այս բաժնում դպրոցականները հնարավորություն ունեն տեղադրելու սեփական գրական-գեղարվեստական ստեղծագործությունները և ստանալու արձագանքներ, մեկնաբանություններ դրանց վերաբերյալ։
Մրցույթներ Կրթական ծրագիրն իր գործընկերների հետ համատեղ պարբերաբար իրականացնում է տարբեր մրցույթներ և միջոցառումներ, որոնց միջոցով աշակերտները կարողանում են ինքնադրսևորվել՝ բացահայտելով իրենց բնորոշ հատկանիշներն ու ունակությունները: Կայքի այս հետաքրքիր բաժնի միջոցով օգտատերերը տեղեկացվում են անցկացվելիք միջոցառումների մասին, ծանոթանում մասնակցության կարգին, ինչպես նաև ստանում տեղեկատվություն արդեն իրականացված միջոցառումների և հաղթող աշակերտների մասին։
Հավատարիմ մնալով իր որդեգրած առաքելությանը՝ կրթության ոլորտի որակական բարեփոխմանը, Dasaran կրթական ծրագիրը տրամադրում է միասնական ցանցային հարթակ՝ հագեցած առցանց խաղերով, մրցույթներով, օլիմպիադաներով, ինչպես նաև իրականացնում արտացանցային մի շարք միջոցառումներ։ Կրթական ծրագրի նպատակն է Հայաստանում և Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել
կրթության որակական բարեփոխմանը, արդիականացմանը և այլընտրանքային կրթության հասանելիությանը,
թափանցիկ գնահատման և վերահսկման համակարգերի միջոցով հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը,
դպրոցների ուսուցիչների և աշակերտների համակարգչային գիտելիքների զարգացմանը և ամրապնդմանը վերապատրաստման միջոցառումներ կազմակերպելու միջոցով,
մայրաքաղաքային և մարզային դպրոցների հավասար զարգացմանը,
աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման ժամանակակից և արդյունավետ համակարգի ստեղծմանը՝ դրանով իսկ նպաստելով ուսուցիչ-ծնող կազմակերպությունների` որպես քաղաքացիական հասարակության կարևոր հիմնասյան ձևավորմանը,
աշակերտների առաջադիմությանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, ֆիզիկական պատրաստությանը ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ, մշակութային և մարզական միջոցառումների (մրցույթներ, խաղեր, վիկտորինաներ) միջոցով, տարաբնույթ միջոցառումների օգնությամբ դպրոցականների առանձին ընդունակությունների ու հակումների բացահայտմանը, դրանց հետագա զարգացմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծմանը,
տարբեր բնակավայրերի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների միջև եղած հեռավորության կրճատմանը, փոխհաղորդակցման կայունացմանը և սերտացմանը:
Առաջնորդվելով իր որդեգրած առաքելությամբ՝ Dasaran կրթական ծրագրի թիմը մեծ նվիրումով է մոտենում իր աշխատանքին և հավատում է, որ կրթական հարթակում առկա և սպասվելիք ծրագրերը, խաղերը, օլիմպիադաներն ու մրցույթներն իրապես օգնում են հայ աշակերտներին՝ դարձնելով կրթությունը նրանց համար առավել հետաքրքիր և հաճելի:
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում առկա բոլոր դպրոցների մասնագիտական և կրթական տիրույթի բնականոն աշխատանքը և զարգացումն ապահովելու համար այս տարի Dasaran-ի թիմը նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային համընդհանուր ուսուցչանոցի ստեղծումը, աշակերտների ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը, աշակերտների մոտիվացիոն հարթակի ստեղծումը և այլն:
Հասցե
Հայաստան, Երևան, Հակոբ Հակոբյան 3/2Էլ. հասցե
[email protected]Հեռ.
(+374) 10 327 969 / 60 757 969Հետևեք մեզ